1956 թ. մայիսի 14-ին Մուշեղ Աղայանի` Վահան Կոստանյանցին հղած նամակից (որի մեքենագիր օրինակը պահվում է ԹԹԳԳ1079/55-1-ում) իմանում ենք, որ ոտանավորի մի տարբերակ (ոչ ինքնագիրը) եղել է բանաստեղծի դուստր Նվարդ Թումանյանի ձեռքին: Մուշեղը, Կիսլովոդսկում բուժվելիս հանդիպելով Վահան Կոստանյանցին, նրանից գրի է առել մեկ այլ տարբերակ: Երևան վերադառնալով` նա միմյանց հետ համեմատել է երկու տարբերակները, ապա դրանցից մի-մի մեքենագիր օրինակ ուղարկել Վ. Կոստանյանցին` հուսալով` թե վերջինիս արխիվում կարող է լինել նաև ինքնագիրը: Այդ մասին նա գրում է. «Ուղարկում եմ երկու վարիանտների մեքենագրված ընդօրինակումները, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք ծանոթանալու այդ երկու վարիանտների տարբերություններին: Հույս ենք հայտնում, որ Ձեզ կհաջողվի հայտնաբերել այդ հայրենասիրական-բարձրաշունչ դրվագները Ձեր արխիվում»:
Սակայն, ըստ երևույթին, Վ. Կոստանյանցն այլևս ոչինչ չի կարողացել ավելացնել Մ. Աղայանի գրի առածին:
ԹԹԳԳ1079/55-1-ում այս երկու տարբերակներից բացի պահվում է մի ավելի ընդարձակ տարբերակ, որ հիշողությամբ գրել ու Նվարդին է ուղարկել օշականցի Հայկ Ալեքյանը:
Կարմիր դրոշն ազատության
Բացվեց հայոց սարերում,
Ցոլաց շողքն առավոտյան,
Մեր աշխարհի խավարում։
Բացվեց, թնդաց քաջ Ֆիդայու
Հրացանը մահաբեր,
Հայ բողոքը տարավ հեռո՜ւ,
Հեռո՜ւ աշխարհ ու ափեր։
1904 թ. հուլիս
