Տ. Փիրումյանի վկայությամբ` Թումանյանն այս ոտանավորը գրել է` հիասթափվելով կոնսիստորիայի հոգևորական պաշտոնյաներից, որոնք հալածանք էին սկսել նրա դեմ:
ԹԹԳԳ-ում պահվում է անհայտ մի անձնավորության չթվագրված սևագիր նամակ` ուղղված Եղիշե Գեղամյանին, որտեղ խոսվում է «Մեղու Հայաստանի» և «Մշակ» պարբերականների հակամարտության մասին, և որի վերջում (թղթի ազատ մնացած մասում) Թումանյանի ձեռագրով կան այս ոտանավորի 33-38-րդ տողերը` թվագրված «21 մարտի»:
1890 թ. հունիսի 3-ին Ան. Աբովյանին հղած նամակում, բողոքելով ժամանակի հայ մամուլից, Թումանյանը գրում է. «Մամուլի մասին որ մի խոսալ. այնքան եմ զզված, որ չեմ ուզում կարդալ և ոչ մեկը` դրանց մասին, որպեսզի կարճ կտրեմ, այստեղ եմ դնում մի տուն իմ ոտանավորից»: Եվ մեջ է բերում 25-28-րդ տողերը:
* * *
Երանություն էր խոստացել հույսս ինձ,
Բայց ես չըգտա նրան կյանքի մեջ,
Եվ քաջալերված պատիր խոստմունքից,
Կյանքի դեմ իզուր վարեցի ես վեճ:
Կարծում էի, թե մարդիկ անհամբեր
Ուրախությամբ ինձ սպասում էին,
Եվ ամեն քայլում խղճմտանք ու սեր
Մարդոց սրտերը միշտ հուզում էին:
1889 թ.
