Որ թարգմանիչը Թումանյանն է, պարզվում է Միսաք Էփրիկի (1890-1937) հուշերից: «Նույն տպարանում,– գրում է Էփրիկը, նկատի ունենալով «Հերմես» տպարանը,– 1908 թ. շարվում էր «Հասկեր» մանկական ամսագիրը, որի երրորդ համարի առաջին էջի համար Ստ. Լիսիցյանը տպարան բերեց մի կլիշե և ասաց, թե` Հովհ. Թումանյանը կգա, տակի տեքստը կտա*...
Թումանյանը նայե՜ց, նայե՜ց նկարին, թուղթ խնդրեց և հենց տառարկղի վրա, մի գրքի կողին դրեց թուղթը և մատիտով խոշոր-խոշոր ու պարզ գրեց. «Երեք խելոք մի հին տաշտով...»:
* * *
Երեք խելոք մի հին տաշտով,
Ավելն առան մըտան մեծ ծով։
Թե տաշտակը շատ դիմանար,
Իմ հեքիաթն էլ կըլներ երկար։
1908 թ.
