Հավանաբար գրված է այն շրջանում, երբ Պետերբուրգում ավարտվել է, այսպես կոչված, «Դաշնակցության գործի» քննությունը կամ «159-ի դատավարությունը», և Թումանյանն անպարտ է ճանաչվել:
Նվիրված է Օսկար Օսիպովիչ Գրուզենբերգին, որ պետերբուրգյան դատավարության ժամանակ եղել է Թումանյանի փաստաբանը, լայնա-հայաց մի մտավորական, որ շատ լավ է հասկացել այդ դատավարության իրական իմաստը: Աշխեն Թումանյանի վկայությամբ` նա հաճախ է կրկնելիս եղել. «Սա ինտելիգենցիայի իսպառ ոչնչացումն է»:
Աշխենը հետաքրքիր հուշեր է թողել նաև Գրուզենբերգի` իր պաշտպանյալի հետ ունեցած հանդիպումների մասին. «Նու, սիրելիս,- հաճախ դիմել է նա բանաստեղծի դստերը,- ես հուսահատվում եմ, ձեր հոր գործը շատ է լուրջ, մեղադրանքը` ծանր, իսկ նա չի ուզում հասկանալ, գնում եմ մոտը` գործի հետ ծանոթանալու, իրեն նախապատրաստելու, չէ՞ որ շուտով կսկսվի նրա գործի քննությունը, վկաների հարցաքննումը, դրանց մեջ կան մարդիկ, որ հատուկ եկել են նրան խորտակելու: Ասում, ներշնչում եմ նրան այս բոլորը, իսկ նա` ոչ մի ուշադրություն, շատ հմուտ կերպով խոսքը դարձնում է գրական ու փիլիսոփայական հարցերի շուրջ, և ցավալին այն է, որ նրան հաջողվում է ինձ գրավել այդ նյութով: Երկու ժամ մոտը մնալուց հետո դուրս եմ գալիս փողոց և նոր եմ սթափվում ու հասկանում, որ ըստ էության գործի վերաբերյալ իրենից ոչինչ չիմացա: Սիրելիս, կլինեք մոտը, հայտնեցեք, ծանր հետևանքներ են սպասում նրան, որ նա ինձ օգնի» (տե՛ս նույն տեղում, էջ 639):
Թումանյանն, իհարկե, վերջիվերջո նրան ծանոթացնում է իր գործի էությանը, որը հանգստացնում է փաստաբանին: Իսկ երբ դատավարության ընթացքում լսում է իր պաշտպանյալի ելույթը, նրա մասին հուզված նկատում է. «Ինձ մնում է ասել` գնա, փաթաթվիր քո սպիտակ դրոշակի մեջ և հանգիստ քնիր: Ես հրաժարվում եմ քեզանից»:
Թումանյանն այս բանաստեղծությունն առաջին անգամ կարդացել է Պետերբուրգի «Դոնոն» ռեստորանում դատավարության հաջող ավարտի կապակցությամբ փաստաբանների կազմակերպած ընթրիքի ժամանակ:
(Իր տաղանդավոր պաշտպան Գրուզենբերգին)
Մարդիկ կյանքում իրար համար
Ամեն մի տեղ ու ամեն օր`
Որը ուժեղ, որը տըկար`
Կամ պաշտպան են կամ պրոկուրոր։
Մինը գիտի լոկ չար վայրկյան
Եվ չարագործ ու թըշնամի,
Մյուսը հոգին հավերժական
Ու պատճառը դժբախտ ժամի։
1912 թ.
