Այս բանաստեղծության գրության շարժառիթների մասին կան տարբեր կարծիքներ: Դ. Դեմիրճյանը բանաստեղծությունը կապում է Փ. Վարդազարյանի և Թումանյանի մտերմության հետ: «Թումանյանը և Վարդազարյանը շատ մտերմացան,- գրում է նա,- այն աստիճան, որ վերջինս դարձավ Թումանյանի լիրիկական զեղումների ֆիգուրաներից մեկը («Երկու սև ամպ»): Ա. Ինճիկյանը մեջ է բերում երկու ուրիշ վարկած. «Մի այլ ենթադրությամբ,- գրում է նա, - «Երկու սև ամպ» բանաստեղծության մտահղացումը կապվում է երկու գաղթական ամուսիների հետ, որոնց աշնանային Թիֆլիսի փողոցներից մեկում կողք կողքի քայլելիս` տեսել է Թումանյանը: Այստեղից էլ երրորդ ենթադրությունը, թե հալածական երկու սև ամպի պատկերի մեջ բանաստեղծը խտացրել է հայության երկու հատվածների քաղաքական ճակատագիրը»:
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին`
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ...
1894 թ.
