Գրված է Մետեխի բանտում:
Հատված է Ստ. Մալխասյանին նվիրված կատակ-բանաստեղծութ-յունից, որ հիշողությամբ մեջ է բերում Մալխասյանն իր հուշերում: «Նա (Թումանյանը – խմբ.) Մետեխումն էլ չէր կորցրել յուր բանաստեղծական աշխույժը և ընկերներից շատերի մասին գրել էր զավեշտական ոտանավորներ: Մի անգամ, երբ առիթ եղավ, սկսեց պատմել, թե ինչ է գրել այս կամ այն ընկերոջ մասին: Հերթը հասավ ինձ.
-Գիտե՞ս, Ստեփան, ինչ եմ գրել քո մասին: Երբ Լիժինը* հարցուփորձի ժամանակ քեզ մեղադրում է, որ պատկանում ես դաշնակցական կուսակցության, դու վիրավորված պատասխանում ես այդ ամբաստանության, ասելով… և սկսեց անգիր ասել մի բավական երկար ոտանավոր, որից հիշում եմ հետևյալ տողերը»: Մեջ է բերում հատվածը և շարունակում. «Բոլոր լսողներս ծիծաղից թուլանում էինք: Խնդրեցինք, որ տա արտագրենք:
- Ա՛յ տղա, բոլորը այրեցի: Մի անգամ լուր տարածվեց, թե պիտի գան մեր խցիկները խուզարկելու: Մտածեցի` մի նոր խաթաբալա էլ չդառնան սրանք իմ գլխին, վերցրի ու այրեցի: Ափսո՜ս»:
* * *
Ես «Մշակի» աշխատակից,
Տունս էկզարխի տանը կից.
Ես փեսա եմ քահանայի,
Միշտ կարդում եմ Խորենացի.
Դաս եմ տալիս գրաբար լեզու,
Կալված ունիմ մեկ չէ, երկու...
1911թ.
