Բանաստեղծի` Օլգա Թումանյանին գրած նամակում, որտեղ կա այս երեք քառատողի ինքնագիրը, կարդում ենք. «…Առավոտյան թղթերիս մեջ պատահմամբ գտա 87 թվականի վերջերին գրած մի բանաստեղծություն, որը գրել եմ քեզ վերա… Այնքան ինձ դյուր եկավ, որ հետս տարա կոնսիստոր, չգիտեմ այնտեղ մնաց, թե հետս բերեցի, վերջապես կորցրել եմ, վաղը կորոնեմ կոնսիստորում, բայց ահա նրա վերջին տները»:
* * *
... Ես ուզում եմ սեր երգել,
Երգել սրտանց և վառվել,
Ես ուզում եմ և գրկել,
Փարել նրան և փարվել.
Ես ուզում եմ մի հրատապ
Սաստիկ սիրով ինձ տանջել,
Նրա կրծքին անարատ
Բոցավառվիլ և հանգչե՛լ։
Թողե՛ք, թողեք ինձ խնդրե՛մ,
Թողեք ինձ միայն սեր երգել,
Թողե՛ք, թողեք որ գրկեմ,
Սիրեմ նրան անարգել...
1887 թ.
