Ակունքը ժողովրդական է: Թումանյանն օգտվել է հայ և օտարազգի բանահյուսությունից: Հիմնականում օգտագործել է Ս. Հայկունու գրի առած «Տերտեր ու աճամ աղբեր» հեքիաթը: Նրան ծանոթ է եղել նաև ասորական հեքիաթը` «Нет на свете ничего постоянного».
Թումանյանը կատարել է սյուժետային որոշակի փոփոխություններ: Հայր-որդեգիր կապը դարձրել է հայր և որդի: Հանել է սյուժետային մի շարք մանրամասներ` թե ինչպես է որդին ծանր և զրկանքներով լի կյանքով ապրում և աշխատում, անգամ եզան հետ լծվում է գութանին: Սյուժետային բոլոր փոփոխություններով հանդերձ բանաստեղծը պահել է էականը` հոր և որդու (որդեգրի)` կյանքի տարբեր հանգրվաններում` մինչև մահ և մինչև գերեզմանաքարի ավերվելն իսկ շարունակ ասելը` «Էսպես չի մնա»: Այսինքն` ամեն ինչի անցողիկության և կյանքի հավերժության գաղափարը:
(Հին զրույց)
Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարհքի վըրա...―
Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։―
Լինում է` իբրև գյուղացի մի մարդ,
Աղքատ, օրական ապրուստի կարոտ։
Ունենում է սա մի խելոք տըղա,
Տանում է ծառա տալի մեկի մոտ։
Տարիք են անցնում։ Էս խելոք տըղեն
Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում,
Որ տերն էլ սըրա վարձը շատացնում,
Ինչպես իրենը` էնպես է նայում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
― Հը՞, ո՞նց ես, որդիս, հիմի էլ էնպես
Էլ մերկ ու տըկլոր, էլ քաղցած հո չե՞ս։
― Չէ՛, լավ եմ, հայրիկ, ապրուստս միշտ կա,
Բայց ի՞նչ անես որ... էսպես չի մընա...
1908 թ.
