Գրված է միջնադարից եկող «Կռունկի» և պանդխտության երգերի վարպետ միահյուսմամբ` հիմք ունենալով «Կռունկի» միջնադարյան բնագիրը (Քննական բնագրերը տե´ս Շ. Նազարյան «Կռունկ» երգը և նրա պատմությունը, Երևան, 1977, էջ 101-106):
Թումանյանի բանաստեղծությունը մոտ է հատկապես «Տաղ կըռնկի» տարբերակին:
Ամենայն հավանականությամբ` գրության շարժառիթը արևմտահայության` 1895-1896 թթ. կոտորածներն են:
Լ. Հախվերդյանը գրում է. «Այն պարզ հակադրությունը, որ արվում է կռունկի և պանդխտի միջև` կռունկը գիտե իր ճամփան, պանդուխտը մոլորել է, կռունկը գարնանը ետ կգա իր բույնը, բնավեր գաղթականն էլ ետ գալ չունի` ներդաշնակ է տարագիր գեղջուկի պարզ հոգեբանությանը: Այնքան խորն է այդ ներդաշնակությունը, այնպես բնական ինտուիցիան, որ նկատել չի տալիս բանաստեղծության խայտաբղետ հյուսվածքը: Ուրիշ ոչ մի տեղ Թումանյանն այնքան չի ջանացել խոսքը երանգավորել արևմտահայերենով: Սա Արևմտյան Հայաստանից քշված գաղթականն է, բայց նրա մենախոսության մեջ հաշտ հարևանություն են անում արևմտահայ ու արևելահայ խոսվածքները»:
Կըռունկն երկընքում ճամփա կըհանի,
Կը՜ռ, կը՜ռ, ձեն կուտա էն խավար ամպում.
Ղարիբ մոլորել` չիտե, ինչ անի
Անգութ աշխարհքում, անծանոթ ճամփում։
Ա՜խ, էս սև ճամփեն, էս դըժար ճամփեն
Արդյոք ո՞ւր կերթա, արդյոք շա՞տ մընաց.
Ո՞րտեղ կըհատնի էս օրը արդյոք,
Ո՞րտեղ կըհանգչեն ոտներըս հոգնած։
Է՜յ, բարով գնաս, սիրելի թըռչուն.
1896 թ.
