Նյութը, ինչպես նշել է բանաստեղծը, վերցված է Տ. Նավասարդյանի գրքից:
Հիմնական նյութը քաղելով ժողովրդական սկզբնաղբյուրից՝ Թումանյանը ստեղծել է նաև նոր դրվագներ, իհարկե, լիովին հարազատ մնալով ժողովրդական հեքիաթի ոգուն ու բովանդակությանը:
Բանաստեղծը ծանոթ է եղել նաև հեքիաթի այլ տարբերակների, օգտվել է նաև «հայ ժողովրդական հեքիաթից` Վասպուրականի վարիանտից, որ գրի է առել հանգուցյալ Սրվանձտյանը և տպված է նրա «Մանանայում», հեքիաթի անունն էլ հենց «Գառնիկ ախպեր», ինչպես կոչվում է նաև հայկական ուրիշ շրջաններում, օրինակ Արարատյան երկրում»:
Էդ. Ջրբաշյանը նշում է, որ Թումանյանը Մանուշի և եղբոր փրկվելը ներկայացրել է հեքիաթից տարբերվող այլ պատմությամբ – «Կրակ վառեցեք» տողից մինչև «Անմեղ Մանուշին հանում է ծովից» տողը – ճիշտ 50 տող»:
Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Կորա՜ծ գընում են հեռու.
Արևը վառ,
Ճամփեն երկար,
Ոչ աղբյուր կա, ոչ առու:
Քույրը մեծ էր, ոնց որ լիներ
Կըհամբերեր արևին,
Բայց ախպերը փոքրիկ էր դեռ,
Չէր դիմանում ծարավին:
1905 թ.
