Նմանություն է Բայրոնի անվերնագիր (հայերեն թարգմանությամբ` «Գերության մեջ» վերնագրով) մի բանաստեղծության` «Հրեական մեղեդիներ» շարքից: Ինչպես նկատել է բանասեր Մ. Նարյանը երկու բանաստեղծներն էլ մշակել են աստվածաշնչյան թեման` հիմք ունենալով Դավթի ՃԼԶ սաղմոսը: Ահա այն. «Բաբելոնի գետերի մոտ` այնտեղ նստած լալիս էինք, երբ հիշում էինք Սիոնը: Նրանց ուռիներից էինք կախել մեր կտակարանները:
Այնտեղ մեզ գերեվարողները օրհնության խոսք էին պահանջում մեզանից, մեզ տարագրողներն ստիպում էին` ասելով. «Երգեցե՛ք մեզ համար Սիոնի օրհներգերից»:
Իսկ մենք ինչպե՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում:
Եթե մոռանամ քեզ, Երուսաղե՛մ, թող իմ աջը մոռանա ինձ:
Թող լեզուս քիմքիս կպչի, թե քեզ չհիշեմ:
Եթե իմ ուրախության սկզբում նախ քե՛զ, Երուսաղե՛մ, չգովաբանեմ:
Հիշի՛ր, Տե՛ր, թե ինչ էին ասում եդոմացիները Երուսաղեմի օրերին. «Քանդեցե՛ք, քանդեցե՛ք, հիմնահատա՛կ արեք»:
Ո՛վ Բաբելոնի թշվառ դուստր, երանի՜ նրան, ով քեզ պիտի հատուցի այնպես, ինչպես դու մեզ հատուցեցիր:
Երանի՜ նրան, ով կբռնի քո մանուկներին ու կխփի քարին»:
Բայրոնն ավելի հարազատ է մնացել սկզբնաղբյուրին: Նրա բանաստեղծության մեջ գերի հրեաները չեն առնում տավիղները և չեն երգում, այլ պարզապես ցավով ու կարոտով հիշում են իրենց հայրենին ու լալիս` երանի տալով այն օրվան, երբ աստված կպատժի բաբելացիներին և իրենց կազատի անարգ գերությունից:
Թումանյանը, որ մշակել է աստվածաշնչյան թեման` աչքի առաջ ունենալով սեփական ժողովրդի վիճակը, այն էլ կոտորածներից հետո, այնուամենայնիվ, չի կորցրել հավատը հայության ապագայի նկատմամբ: Նրա բանաստեղծության մեջ գերիները երգում են: Նրանց երգը հայրենիքին հավատարիմ մնալու երդում է և վրեժի հրավեր: Այդ երգից հետո գերեվարողները զարմանքով ու վախով նկատում են, որ անկարող են եղել սպանել գերյալների ոգին:
Այս սաղմոսը, որ իր հայրենիքից վտարված հրեա ժողովրդի դառն ճակատագրի արտահայտությունն է, համահունչ լինելով հայ ժողովրդի ազատագրական տենչերին, ստեղծագործական լիցք է տվել նաև Րաֆֆուն և Ավ. Իսահակյանին: Րաֆֆին 1856 թ. գրել է. «Իսրայելը Բաբելոնում» բանաստեղծությունը և սաղմոսի խոսքերը դրել «Սամվել» վեպի հերոսներից մեկի` հրեա երեց Զվիթայի բերանը: Իսահակյանը 1893 թ. Տզ. №25-ում տպագրել է «Իսրայելացիք Բաբելոնում» բանաստեղծությունը, որը հետագայում զետեղել է «Բանաստեղծություններ», Բաքու, 1903 թ. ժողովածուի մեջ:
(Նմանություն)
Բաբելոնի գետեզերքին նըստել էին նրանք գերի,
Հիշում էին իրենց Սիոնն, Երուսաղեմն ու լալիս,
Կախել էին տավիղները վեր` ճյուղերին ծառերի,
Հիշում էին անցած փառքերն, անցած երգերն ու
լալիս։
Առե՛ք տավիղն, երգե՛ք, տեսնենք երգերը ձեր Սիոնի.
Ասում էին գերիչները Իսրայելի որբերին,
Ու` սըրբելով նըրանք լացը իրենց տխուր աչքերի`
Տավիղ առած երգում էին օտար գետի ափերին։
– Ո՜վ սըրբազան Երուսաղեմ, ըսկիզբը մեր երգերի,
Եվ քեզ, Սիոն, մեր սըրբություն, թե մոռանանք մենք
երբեք,
Թող մոռանա մեզ մեր աջը, հավետ մընանք մենք
գերի,
Թող չըտեսնենք մենք հավիտյան ոչ խնդություն և ոչ
երգ...
1916 թ.
