Դատելով ձեռագրից և մեզ հասած մասերի բովանդակությունից` այս ստեղծագործական մտահղացումը վերաբերում է 1890-ական թվականների սկզբին, երբ Թումանյանը ծառայում էր Թիֆլիսի հայոց կոնսիստորիայում (մինչև 1892 թ. մարտը), և կամ դրանից անմիջապես հետո, երբ բանաստեղծը կարող էր երգիծական հայացքով նայել իր նախկին պաշտոնավարության «հինգ հոգեհան տարիների» դեպքերին: Ինչպես և «Դարձ» սևագիր և անավարտ պոեմում, այստեղ ևս բազմազան երանգներով արտացոլվել են գրասենյակում ծառայող հոգևորականների քսու բարքերն ու մտքերը, այդ մթնոլորտում տառապող երիտասարդ բանաստեղծի կրած հալածանքներն ու զրկանքները: Այդ առումով «Գրագիր Մուզան» Թումանյանի առաջին գործերից է, որոնցով սկիզբ է առնում նրա պոեզիայի առաջատար գծերից մեկը` արվեստագետի կոչման և ժամանակակից հասարակության մեջ նրա կրած հոգևոր տառապանքների թեման:
Հատկանշական է նաև, որ առաջին անգամ այս սևագիր մտահղացման մեջ է հանդես գալիս Մուսայի կերպարը, որը բանաստեղծի երկվորյակն է, նրա ոգևորության աղբյուրը, բայց ստիպված է թաքնվել գրասենյակի մարդկանց քննախույզ հայացքից: Դրանով երիտասարդ Թումանյանն ակնարկում էր իր բանաստեղծական փորձերի նկատմամբ շրջապատի չարամիտ վերաբերմունքը:
Սեկրետարն եկավ ― դե փախի՛ր, Մուզա,
Թե չէ որ [այստեղ] տեսնի, կըխոսա.
[Բայց տերտերներ կան դռանը կանգնած,
Դու չես ուզում տեսնել նրանց,
(Ինչպես նրանք էն օրը քեզ
Ծաղրեցին [քեզ ու իր] համար ―
Էլ չեն ուզում տեսնել իրար)
Դե եկ այստեղ արխիվ մտիր,
Մեր Կարապետն էլ է պոետ,―
Բայց չէ, հոգիս, կացի՛ր, կացի՛ր,
Այնտեղ գուցե կորչես անհետ,
Շատ են գործերն խառնափնթոր.
[Կամ] թե հանկարծ [չար մենտոր]
Քեզ էլ կուտեն չար մենտոր,
Ինչպես վեհի կոնդակները,
Կամ թոզի մեջ կըխեղդվես,
Կամ թե խարփուխ կընկնես ցրտում…
