ԲՄ I-ի հրատարակությունից հետո Թումանյանը բազմաթիվ նամակներ է ստացել ինչպես իր մտերիմներից, այնպես էլ անծանոթ մարդկանցից, որոնցում բարձր կարծիքներ կան ժողովածուում զետեղված մի շարք բանաստեղծությունների, այդ թվում և այս մեկի մասին: Ահա, օրինակ, թե ինչ է գրում մանկավարժ, քիմիկոս և լրագրող Սիմ. Հովվյանը 1891 թ. մայիսի 14-ին Թումանյանին հղած նամակում. «Հիանալի էր վերջինը` «Արի գութան, վարի գութան…»: Երգի՛ր, սիրելիս, գյուղացու կյանքը, նրա հոգսն ու վիշտը, նրա տանջանքն ու երջանկությունը, երգի՛ր, շա՛տ երգիր, այդ մեր ամենիս սրտին մոտիկ է: Երգի՛ր, անընդհատ երգի՛ր, որովհետև քո երգածի մեջ բնականություն կա և ոչ դատարկ ֆանտազիա: Դու պիտի երգես, որովհետև դու նույն իսկ այդ ընկճված, հարստահարված գյուղացու ծնունդն ես» (տե՛ս ՈւՀ 4, 302):
Ինչպես նշում է Ա. Ղանալանյանը, «Գութանի երգը» ոչ թե գրական անմիջական մշակումն է ժողովրդական նույնաբնույթ ստեղծագործություններից որևէ մեկի, այլ «մի տեսակ խտացումն է վարի աշխատանքների միջոցին հորինվող ու երգվող մեր ժողովրդական անթիվ ու անհամար «հորովելների»: Քաջ ծանոթ լինելով դրանց բազմաթիվ նմուշներին` Թումանյանը ժողովրդական բանահյուսության մշակման ու օգտագործման իրեն հատուկ վարպետությամբ` ստեղծել է իր երգը, դրսևորելով նրա մեջ իրեն հարազատ սոցիալական ամբողջի` աշխատավոր գյուղացիության հույզերն ու մտորումները»:
Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է Աստված, հորովե՜լ:
Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛ , քաշենք, վար անենք.
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք:
Պարտքատերը գանգատ գընաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մընաց,
Կըբարկանա, կանիծի:
1887 թ. մարտ
