Թումայանը Ղ. Ալիշանի ստեղծագործություններից փոխ է առել բառեր, տողեր ու առանձին հատվածներ: Օրինակ` նրա ոտանավորի 2-4 տողերը Ալիշանի «Հայոց աշխարհիկ» բանաստեղծության 50-52, 15-18-ը` նույն բանաստեղծության 77-79 տողերն են, իսկ 19-12-ը` «Մասիսու սարերն» բանաստեղծության 150-151 տողերը:
(Կազմված հ. Ալիշանի գրվածքներից)
Թեպետև վաղուց հասել էր աշուն,
Ցամքած տերևուկն ըսպասեր հովուն,
Թե երբ ՚ի լերաց ծոցում փըչե խոր,
Ձըգե անկըսկիծ ի մահուն սև ձոր,
Այլ ես շանթահար ապշիմ վըշտակոծ,
Թե ինչպե՜ս ընկավ Նահապետն հայոց,
Մահու սև թախիծն երկիրն հայրենյաց,
Հոգին ձգելով երկինս – առ Աստված։
Ու աշխարհն ամեն թեև անցուգնաց,
Ծեր Նահապետն այլ տի գնար հոգնած,
Բայց, ավա՜ղ, որ մեր լեռներն աննըման
Իրենց շայիրին չետուն գերեզման,
Ու օտար լեռներ, անծանոթ հովտին
Մընաց` հայրենյաց անձուկն իր սըրտին.
– Ո՜հ, լերունք ծաղկած, ո՜հ, ջուրք ծիծաղկոտ,
Զանուշիկ հովերդ ՚ի յիս ածեք մոտ.
Հողմո՜ւնք անուշիկք, եկեք մոտ ՚ի յիս,
Երգս ու շունչս առեք, տարեք ՚ի Մասիս։
1901 թ. նոյեմբեր
