Անգլիերենից թարգմանեց Հովհաննես խան Մասեհյան։ Հրատարակ․ Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերության, 1894 թ. Թիֆլիս
Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանն որոշելու համար։ Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի տհաս է․ եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է։
Այս տեսակետից մենք կարող ենք ասել, թե հառաջադիմություն ենք արել, որ, սակայն, ինձ թվում է մի թռիչք, մի հանկարծակի թռիչք։
Մենք դեռ հիանում էինք «Շուշանիկի» և «Վարդան Մամիկոնյանի» նման ողորմելի ողբերգություններով և ոգևորվելով ծափահարում Էինք զանազան անշնորհք և անմիտ շովինիստական բացականչությունների, երբ հանկարծ մեր բեմի վրա որոտաց Շեքսպիրի վիթխարի հանճարն Ադամյանի բերանով, և մեր առաջ դուրս եկան «Համլետ», «Օթելլո», «Արքա Լիր» և մյուսները, այդ՝ մարդկային խորիմաստության և ֆանտազիայի ամենավսեմ ստեղծագործությունները, որոնց բարձրությանը չի հասնում նույնիսկ հանճարեղ քննադատի մտքի թափը։
Այս կայծակի րոպեական շլացնող փայլ էր, որ անցավ ապշած հասարակության առաջից, որ միայն զարմացավ և աղաղակեց՝ առանց հասկանալու և սիրելու։ Այս «խավյար էր ամբոխի համար», ինչպես ասում է Համլետը։
Ընթերցել ամբողջությամբ →
