«Հառաչանք»-ի ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, պոեմի վրա Թումանյանն սկսել է աշխատել 1890 թ. վերջից, երբ Մոսկվայում հենց նոր տպագրվել էր «Բանաստեղծությունների» առաջին հատորը, և երիտասարդ հեղինակը գտնվում էր ստեղծագործական բուռն վերելքի հոգեվիճակում: 1890 թ. նոյեմբերի 1-ին Անուշավան Աբովյանին հասցեագրած նամակում Թումանյանն այդ մասին հաղորդում է. «Այսօր սկսեցի մի նոր պոեմա Լոռու կյանքից – «Ծեր այգեպանի պատմությունը» է առայժմ անունը: Այս երրորդ պոեման է Լոռու կյանքից, առաջինը «Սաքոն» է, իսկ երկրորդը «Անուշը», որ մի անուշ ընկերոջ անվան է նվիրված»: Վերջին խոսքերն ակնարկում են, որ «Անուշ» պոեմի առաջին տարբերակը ձեռագրում նվիրված է եղել Ան. Աբովյանին` հատուկ չափածո ընծայականով: «Ծեր այգեպանի պատմությունը» (կամ` «զրույցը») նախնական վերնագիրը շուտով փոխարինվեց նորով. արդեն 1893-ին «Մուրճում» տպագրված հատվածն, ինչպես ասվեց, ունի «Հառաչանք» պոեմայից» վերտառությունը: Թեև ստույգ փաստեր մեզ չեն հասել, բայց առանց կասկածելու կարելի է ասել, որ 1890 թ. առաջին տարբերակը գրելուց հետո Թումանյանը մի քանի տարի շարունակել է աշխատանքը պոեմի վրա, ձգտել նրա հետագա կատարելագործման:
Դժբախտաբար, պահպանված հատվածները չեն կարող լրիվ պատկերացում տալ պոեմի ամբողջական կառուցվածքի և բովանդակության մասին: Դատելով 1914 թ. տպագրված հիշյալ ծանոթագրությունից և ժամանակակիցների հուշերից` պոեմի լրիվ տպագրությունը ժամանակին չի հաջողվել գրաքննական արգելքների պատճառով, իսկ ձեռագրերը, ինչպես նշվեց վերը, զոհ են դարձել 1908 (կամ 1911) թ. ձերբակալության ժամանակ: Դրանք կամ բռնագրավվել են խուզարկության պահին և կամ նախապես այրվել հեղինակի կողմից` ոստիկանությանը մեղադրական նյութ չտալու մտավախությունից դրդված:
Պոեմի ստեղծման կենսական շարժառիթը եղել են սոցիալական անարդարության դեմ հայրենի լեռնաշխարհում ծավալված գյուղացիական տարերային ըմբոստացումները, մասնավորապես 1880-ական թթ. դսեղցի նշանավոր «Չոփուռի տղաների» զինված պայքարն ընդդեմ հարստահարիչների և ցարական իշխանության: Լոռիում մեծ աղմուկ հանած այդ պատմության կապը իր «Հառաչանք» պոեմի հետ մի քանի անգամ նշել է նաև բանաստեղծը:
Ժամանակին դսեղցի Չոփուռի տղաների համբավը դուրս է եկել Լոռու սահմաններից և տարածվել ամբողջ Անդրկովկասում, թափանցել մամուլի և գրքերի էջերը:
Ճիշտ է, Թումանյանի պոեմի` մեզ հասած հատվածներում Չոփուռի տղաների մասին ուղղակի չի խոսվում: Նրանց դրամատիկ և հերոսական պատմությունը, ամենայն հավանականությամբ, արտացոլված է եղել պոեմի կորած մասերում:
(Հատվածներ)
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Լեռնե՛ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
Ու ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով։
Ձե՜զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տըխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր։
Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՜ն տրտմություն,
Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս`
Սըրտիս ականջին խոսելով թաքուն...
Ո՜վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով,―
Ոգևորության հըզոր թևերով
Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՜ք իմ հեգ։
