Պարբերաբար հրապարակ է դրվում հայ ուսուցչի ռոճկի խնդիրը մերթ այն անվերջ գանգատի հետ, թե այդ ռոճիկը չեն տալիս, մերթ այն մտքով, թե քիչ է, երբեմն էլ, թե շատ է, ժողովուրդը չի կարողանում վճարել, գյուղերում սակարկություն է անում, իջեցնում որոշած նորմայից։
Մի շատ լուրջ խնդիր մեր դպրոցական կյանքում և արժե, որ մի անգամ այդ խնդիրը դնենք հրապարակի վրա ու քննենք, թե արդյոք բավարա՞ր է հայ ուսուցչի ռոճիկը, թե չէ։
Հայ ուսուցիչ ասելով մեզանում մի խեղճ մարդ են հասկանում, մենակ, համեստ պահանջների տեր ու դատապարտված մշտական կարիքների։ Բայց թողնենք այս ողորմելի ու հնացած հայացքը։
Հայ ուսուցիչը իրոք մի բարձրագույն կամ միջնակարգ կրթության տեր անձնավորություն է։ Եվ երբեք նրան մենակ չպետք է երևակայել, այլ գոնե մի փոքրիկ ընտանիքով— թեկուզ մի կին ու երկու երեխա։ Թույլատրելի է սրանց հետ անշուշտ և մի ծառա։ Արդ՝ այս տեսակ մի ընտանիք քաղաքում ի՞նչքանով կարող է ապրել մի քիչ մարդավայել կյանքով, գավառում ի՞նչքանով, և այժմ ի՞նչքան է ստանում։
Մեր թեմական դպրոցներում, այսինքն մեր մեծ քաղաքներում, միջին թվով նա ստանում է հազար ռուբլի, իսկ գավառներում չորս հարյուր ռուբլի։ Այժմ հարց՝ արդյոք այդ գումարով նա կարո՞ղ է ընտանիք պահել, սնունդ ու կրթություն տալ նրան և ինտելիգենտ մարդու թեկուզ տարրական պահանջները լրացնել, ուրիշ խոսքով՝ հանգիստ սրտով կպած շինել իր պաշտոնին ու խղճմտանքով, անթերի կատարել իր ծանր գործը։ Այլապես, եթե այդ ռոճիկը քիչ է ու նրան բավականություն չի տալիս, անկասկած նա անսիրտ է պարապում, աչքն ու միտքը դեպի դուրսն է և առաջին հարմար դեպքում թողնելու է դպրոցը։ Եվ ո՞վ իրեն իրավունքը կհամարի մեղադրելու, չէ՞ որ նախքան ուսուցիչ լինելը նա մարդ է, ամուսին է, ծնող է, և բաց աչքով նայում, տեսնում է, թե իրեն հավասար կրթության տեր մարդը, իր ընկերը դպրոցից դուրս ինչքան է ստանում ու ինչպես է ապրում, և ոչ միայն իր ընկերը, այլ բարոյական ու մտավոր կարողությունով իրենից շատ ավելի ցած կանգնած մարդիկ։
Վերջապես ժամանակի ընթացքում թանկանում է կյանքը, թանկանում են և՛ բնակարան, և՛ հագնելիք, և՛ ուտելիք, և այլ կենսական պիտույքներ, իսկ նրա ռոճիկը մնում է նույնը։
