Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1902-1903 թթ.-ին: Այս բանաստեղծությունը, մինչև հայերեն հրատարակությունը, լույս է տեսել ռուսերեն «Современные армянские поэты» ժողովածուում, Մոսկվա, 1903, էջ 41, «С авторской рукописи» ծանոթագրությամբ: Թարգմանել է Ս. Գոլովաչևսկին: Գրաքննությունը գիրքը տպագրության է թույլատրել 1902 թ. նոյեմբերի 6-ին: Այստեղից հետևում է, որ մինչ այդ բանաստեղծությունը ոչ միայն գրված, այլև թարգմանված է եղել:
Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին...
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
