Վաղը բացվում է Թիֆլիսի հայոց թատրոնը և բացվում է Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայով։
Մենք չգիտենք ինչ է պատճառը, որ հայոց թատրոնն այսպես ուշ է բացվում, թատրոնի վարչությունը դեռ բացատրություն չի տվել հրապարակավ, բայց ինչ էլ որ լինի, լավ չի։
Դերասանական խումբը ընդհանուր առումով հաջող է կազմված, թեև, դժբախտաբար, դուրսն են մնացել մեր հին ու փորձված դերասաններից մի քանիսը։
Ռեպերտուարին գալով մենք մի կարևոր նկատողություն ունենք անելու։ Ամեն մի ժողովրդի թատրոն թատրոն է ամենից առաջ ինքնուրույն ռեպերտուարով։
Դա է, որ թանկ պիտի լինի թատրոնի համար և նրա հաջող գործերը չպետք է հնացած համարվեն ու դուրս ընկնեն, և եթե մինը կամ մի քանիսը դուրս են ընկնում՝ միայն այն դեպքում, երբ այդ ռեպերտուարը շատ է մեծ ընտրության համար։ Այժմ ինչքան է մեծ հայոց ինքնուրույն ռեպերտուարը, որ նրա եղած աչքի ընկնող գործերն էլ դուրս թողնենք։ Սակայն Դրամատիկական ընկերությունը ոչ թե դրանցից մինը կամ մի քանիսն է դուրս թողել, այլ բոլորը և միայն մի հատն է վերցրել՝ Շիրվանզադեի «Պատվի համարը», այլևս ոչ մի պիես ո՛չ Սունդուկյանից, ո՛չ Ահարոնյանից, ո՛չ Փափազյանից և ո՛չ ուրիշներից։ Սա կնշանակի լավ չգնահատել ինքնուրույն գործը։
Չլինի՞ նրա համար, որ հին են։
«Մշակն» էլ զարմանում է, որ Դրամատիկական ընկ<երության> վարչությունը սեզոնը բաց է անում հին պիեսով։Այս զարմանքն էլ մենք գտնում ենք միանգամայն զարմանալի։ Ո՞րտեղ է ընդունված և ինչո՞ւ անպատճառ թատրոնները պետք է բացվեն նոր պիեսով։ Այս, անշուշտ, լավ է իմացել և թատրոնի վարչությունը, որ սեզոնը բաց է անում ծանոթ պիեսով, չնայելով իր ձեռքին ունի երեք նոր պիես՝ Շիրվանզադեի «Արմենուհին», Մ. Գևորգյանի «Փառանձեմը» և Ս. Թառայանի «Սոկրատեսը»։
Ողջունելով Թիֆլիսի հայոց թատրոնի բացումը, մենք սրտագին կցանկանայինք, որ հայ հասարակությունը գնահատեր ու պաշտպաներ իր մայրենի բեմը, իր դրամատուրգներին ու դերասաններին, այսպիսով նրանց հնարավորություն տալով ավելի ուժեղանալու և իրեն համար էլ իրավունք ձեռք բերեր ավելի խստապահանջ լինելու։
