Ֆելիցիա Հիմենսի (1793-1835) «To my mother» (Մայրիկիս) բանաստեղծության թարգմանությունն է ռուսերենից: Ռուսերեն բնագրի առաջին չորս տողերը Թումանյանը չի թարգմանել:
Հիվանդ եմ, մայրի՛կ, նանիկ ասա՛ ինձ,
Որ ասում էիր երբեմն օրրանում,
Իմ մաշված կըրծքին խաչ քաշիր նորից
Ու նանիկ ասա, քունըս չի տանում։
Թող վայր դընեմ ես գըլուխս հոգնած.
Գիշեր է արդեն, ծաղիկը հանգչում,
Վաղուց է անտուն պանդուխտն էլ քընած
Մենակ քու հիվանդ զավակն է տանջվում։
Քու հեգ թըռչնակը վախցած է բուքից...
Ա՜խ, ես դեռ մանկուց շատ ցավեր տեսա,
Քունն էլ, հանգիստն էլ փախան իմ աչքից...
Մայրի՛կ ջան, մայրի՛կ, ինձ նանիկ ասա...
1900 թ.
