Գրված է Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող ամիսներին: Այդ մասին վկայություն ունի ինքը` հեղինակը, իր «Կարելին և ցանկալին» հոդվածում. «Ինձ համար բնավ զարմանալի բան չկա, բայց թերևս ոմանք զարմանան, եթե ասեմ, որ պատերազմի նախընթաց ամիսներին ես էնքան պարզ էի զգում պատերազմը, որ հատուկ բանաստեղծություն ունեի, մինչև անգամ ուզում էի տպել «Նոր հոսանք» ամսագրում, բայց ինչ-ինչ պատճառներով անհարմար գտանք»:
* * *
Հրացաններ են ճայթում սրտիս մեջ,
Հրացաններ են ճայթում անդադար,
Ու լաց են լինում սարսափած ու խեղճ
Որբ երեխաներ անթիվ, անհամար։
– Ինչո՞ւ եք լալիս, անմեղ փոքրիկներ...
Ձեր հայրերն ընկա՞ն <ամենը> կըռվում...
Էլ ոչ ոք չըկա՞, որ ձեզ պաշտպանի...
Վախենո՞ւմ եք դուք էս չար աշխարհում...
Խեղճ երեխաներ, անիծվի աշխարհն,
Ուր որ դողում է ձեր մանուկ հոգին,
Անիծված լինի, քանդվի, կործանվի
Իրեն մթերած չարության տակին...
1914թ.
