Փոխադրություն է Մ. Յու. Լերմոտովի «Желание (1831) բանաստեղծությունից:
Հետաքրքիր տեղեկություններ կան 1902 թ. հոկտեմբերին Աբասթումանից Յուրի Վեսելովսկուն ուղղված նամակում, ուր բանաստեղծը խոսում է Պուշկինից և Լերմոնտովից կրած իր ազդեցությունների մասին. «Մինչև Ձեր նամակի ստանալը ես չէի մտածել այն մասին, թե ես որքան եմ եղած ռուսաց գրականության ազդեցության տակ: Ձեր նամակն ստանալով երկար մտածեցի և որոնեցի ռուսաց գրականության ազդեցությունը, բայց ոչ թե իմ ոտանավորների տողերում – որովհետև երբեք գիտությամբ հետևած ու նմանած չեմ ոչ մի բանաստեղծի – այլ իմ հոգու, գրական ճաշակի ու հայացքների վրա:
Բայց ավելին ասեմ: Ռուսաց բանաստեղծները – գլխավորապես Լերմոնտովը և ապա Պուշկինը միշտ ինձ ավելի հարազատ են թվացել, քան թե մեր հայոց բանաստեղծները (խոսքս իմ նախորդ շրջանի մասին է)... Բայց այն էլ ասեմ, որ ինձ զգում եմ վաղուց ազատված նրա ազդեցությունից. նրա ազդեցության տակ միայն սկսել եմ»:
Բանաստեղծությունը հայ ընթերցողներին ավելի մատչելի ու հարազատ դարձնելու համար, Թումանյանը փոխել է բնագրի որոշ տողեր, հատկապես դրանցում եղած աշխարհագրական անունները:
Ինչո՞ւ չեմ թռչուն, վայրենի մի հավ,
Որ հիմա գլխիս վերևից թռավ.
Ինչո՞ւ չեմ կարող երկնքում ճախրել
Եվ ազատություն միմիայն սիրել։
Ես դեպի Տարոն կըսլանայի,
Ուր ծաղկում են դաշտերն իմ պապերի,
Դատարկ ամրոցում միգապատ լերանց
Հանգչում են մոռացված աճյունքը նրանց։
1889 թ.
