Երկար տարիներ ունեցել եմ Խրիմյանի մոտիկությունը վայելելու պատիվը, իսկ Իզմիրլյանի հետ, իր կարճ հայրապետության ընթացքում, միայն մի քանի անգամ եմ ունեցել տեսակցություն, բայց, իր բացսրտության պատճառով, մի քանի տեսակցությունն էլ բավական էին Իզմիրլյանին ճանաչելու։ Եվ կարծում եմ հետաքրքրական կլինեն «Հորիզոնի» ընթերցողի համար նրանց բնավորության այն գծերը, որոնցով նրանք մոտենում էին իրար կամ հեռանում էին իրարից։ Երկուսն էլ խոշոր հայ դեմքեր էին, գերազանցորեն հայ. երկուսն էլ շատ ապրած իրենց ժողովրդի տառապանքով։
Երկուսն էլ հոգևորական էին բառի լայն իմաստով, երկուսն էլ սիրում էին ս. Գիրքը ու նվիրված էին հայրենի եկեղեցուն։ Երկուսն էլ ունեին իրենց հավանած մարդիկը հոգևորականների մեջ, բայց առհասարակ չէին սիրում հոգևորականությանը։ Իզմիրյանը մինչև անգամ զգուշացնում էր հոգևորականներից, իսկ Խրիմյանը առանձին թշնամություն ուներ աստվածաբանների դեմ։ Երկուսի մասին էլ կարծիք էր տարածված թե հեղափոխական մարդիկ էին, բայց երկուսն էլ ուրույն հայացք ունեին հեղափոխության վրա և ատում էին արյունը։ Երկուսն էլ վշտով էին հիշում գոլիցինյան օրերը և առանձին հաճույքով էին կանգ առնում ներկա փոխարքայի վրա։
Բայց ավելի շատ են այն կետերը, որոնցով նրանք տարբերվում էին իրարից։
Ընթերցել ամբողջությամբ →
