Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է` իրեն-իրեն միտք է անում․
― Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս։ Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի…
― Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ․․․
Տեղնուտեղը ծառի տակին նստում է, սկսում է սուգ անել։
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան…
