Մշ, 1891, 13 օգոստոսի, №90 -ում տպագրվել է Ասիացու (Գր. Արծրունու) ֆելիետոնը, որտեղ ծաղրվում է Թումանյանի այս ոտանավորը: Պիտի ասել, սակայն, որ Արծրունու ծաղրն ու հակակրանքն ուղղված է եղել ոչ միայն նոր-նոր գրական ասպարեզ իջնող բանաստեղծի, այլև Ավ. Արասխանյանի և նրա «բանաստեղծական նոր դպրոցի», այսինքն` Մճ-ում տպագրվող նաև մյուս բանաստեղծների (Ալ. Ծատուրյան, Լ. Մանվելյան և ուրիշներ) դեմ:
Այս հակակրանքն ավելի հին ծագում ուներ: Թումանյանը դա բացատրում է առհասարակ ժամանակի հայ գրականության և արվեստի նկատմամբ կյանքի վերջին տարիներին Գր. Արծրունու բռնած ժխտողական դիրքով: Այդ մասին նա իր կարծիքն արտահայտել է քանիցս, այդ թվում 1913 թ. երկու անգամ` դեկտեմբերի 15-ին և 29-ին` Հայ գրողների ընկերության երկու երեկույթներում, որոնցից առաջինում դասախոսություն է կարդացվել Միք. Նալբանդյանի, Րաֆֆու և Գր. Արծրունու, իսկ երկրորդում` Գր. Արծրունու մասին: «Նորերը չեն իմանալ,- կարդում ենք դեկտեմբերի 15-ին բանաստեղծի ելույթի շարադրանքում,- բայց հները լավ կհիշեն, թե նա (Արծրունին` խմբ.) ինչպես էր խոսում հայ գրողների դեմ, հայ տաղանդների դեմ»:
Կուրծքս երբեմն եռ է գալիս և հուզվում.
Ես մնում եմ անշարժ, ինչպես լուռ արձան,
Միտքս թռչում դեպի երկինք և սուզվում
Տիեզերքի խորության մեջ անսահման...
Ամփոփում է հանկարծ երկիր բովանդակ,
Սիրատարփիկ կուսի կուրծքին է փարում,
Խոնարհվելով իջնում մինչև ոտնատակ –
Արհամարհված սրբությունը համբուրում...
1890 թ.
