Նվարդ Թումանյանը հիշում է բանաստեղծի հետևյալ խոսքերը. «...Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են.
Կյանքըս արի հըրապարակ...
Ճի՛շտ որ հրապարակ – Պոլիս գնալիս ճամփին եմ գրել» :
Թումանյանը Կ. Պոլիս է մեկնել ավելի ուշ` 1921 թ. հոկտեմբերի վերջին: Հետևաբար, այս քառյակի հեղինակային թվագրության (սեպտեմբերի 5) և Ն. Թումանյանի բերած խոսքերի միջև հակասություն կա, որը թերևս մոռացության արդյունք է (ինքնագիրը թվագրված է հետո` մատիտով): Սակայն հնարավոր է նաև, որ սեպտեմբերի 5-ին գրվել է քառյակի` մեզ չհասած մի տարբերակ, որը Թումանյանը հետո վերամշակել է Պոլիս ուղևորվելու ճանապարհին:
* * *
Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի:
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին,
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին...
1921 թ. սեպտեմբերի 5
