Նոր-Նախիջևանի «Լույս» շաբաթաթերթի № 10-ում պ. Ա. Մեղրյանը մի հոդված է տպել՝ «Մեր մանկական գրականությունը և հայոց լեզուն», որի մեջ ցավով գանգատվում է, թե «... ինչ որ հնչվում է ժողովրդի բերանում, լինի դա հայերեն թե թուրքերեն, թաթարերեն թե ռուսերեն, վերցվում է և իսկույն գրվածքի մեջ է դրվում»։ Նա վշտանում է, որ մեր գրողներից ոմանք (ի միջի այլոց Ա. Իսահակյանն ու ես) գործ են ածում «ջան, ջիգյար, յար, յարաբ, ղարիբ», և այլն։ Եթե խոսքը էս կամ էն օտար բառի կամ մի շարք բառերի վրա լիներ, հարկավ վեճը մասնավոր բնավորություն կունենար և միայն ճաշակի խոսք կարող էր լինել, բայց պ. Մեղրյանը դատապարտում է օտար, այլև մինչև անգամ հայերեն գավառական բառերի գործածությունը ու մաքուր հայերեն լեզվի պահանջն է դնում։ Լա՜վ։ Պ. Մեղրյանին եթե տանք կարդալու էս բառերը. վարդ, վայ, վախել, նվագ, նվաստ, նունուֆար, նամ, նոր նանիկ, նախշուն, նիստ, նշտար, նշան, նարգիզ, նավ, նուռ, նաշ, նազուկ, մեգ, միլ, մեխ, նահապետ, մոմ, մուճակ, մուր, մուկ, մոռ, ջերմ, գրավ, գրվանքա, կիր, կարիք, կերպաս, քիչ, քիմք, գոմեշ, ոչխար, դրոշակ, կկու, խոտ, խաբել, կուտ, կանթեղ, կանոն, կարապ, փուռը, գավազան, հարս, տոն, տարազ, դայակ, սապոն, սուգ ու շիվան, շողք, շվաք, գումար, շեն, շաղգամ, դաս, աշակերտ, սուր, շուշան, սամույր, սիպտակ, սեր, սանդ և այլն, և այլն, անշուշտ նա էս բոլորը կհամարի մաքուր հայերեն բառեր։ Եթե էդպես էլ չհամարի, կասի դրանք արդեն հայացել են։ Էդպես է, ճշմարիտ է։ Բայց հիմի մի ուրիշ հարց։
Ընթերցել ամբողջությամբ →
