Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին:
Ֆ. Շիլլերի «Der Taucher» (Սուզվող) բալլադի (1797) առաջին մասի թարգմանությունն է, կատարված Ժուկովսկու ռուսերեն թարգմանությունից: Հիմքում իտալացի նշանավոր լողվոր Նիկոլայ Ռիբայի մասին հյուսված ավանդությունն է:
Թումանյանի անձնական գրադարանում պահվում է «Немецкие поэты в биографиях и образцах» (СПБ, 1877, под ред. Н.В.Гербеля) ժողովածուն, որտեղ գտնվում է Ժուկովսկու թարգմանությունը: Այստեղ լուսանցքում Թումանյանի արած նշումներից կարելի է ենթադրել, որ մտադիր է եղել թարգմանել բալլադն ամբողջությամբ:
Ո՞վ ձեզնից` ասպետ կամ թե զինակիր
Կընկնի այստեղից անտակ ծովի մեջ,
Ձգում եմ ահա գավաթն իմ ոսկի,
Այս գավաթն, ով որ անդունդի անվերջ
Խավարում գտնի ու անփորձ հանի,
Նրան հաղթության պարգև թող լինի։
Կանչեց թագավորն ու բարձր ժայռից,
Որ հակված է սև անդունդի վըրա,
Էն բարձր ժայռի < . . . . . > ծայրից
Շըպըրտեց ներքև գավաթն իր ոսկյա.
― Ո՞վ է այն խիզախ, համարձակ հոգին,
Որ իմ գավաթը ետ բերի կըրկին։
