Ակունքը ժողովրդական է: Թումանյանը հավանաբար օգտվել է Գ. Հովսեփյանի «Փշրանքներ» բանահյուսական ժողովածուից , որտեղ «Ապարան» տեղանվան մասին կարդում ենք. «...Սա Աբարան չէ, Անպարան է, որովհետև Լուսավորչի արտասուքով լիքը կանթեղը երկնքից անպարան կախված է «հաչաների» (գագաթների) մեջ. դորա համար էլ Ապարան են ասում»:
Լուսավորչի կանթեղի` քառագագաթ Արագածի վրա առանց պարան կախված լինելու, նրա մեջ յուղի տեղակ սրբի արցունքների անսպառ վառվելու և միայն արդարներին տեսանելի լինելու մասին 13-րդ դարի հեղինակ Վարդան Վարդապետը գրում է. «Կախեալ կանթեղս առանց չուանի և փոխանակ ջրոյ արտասուօք լցեալ և հրով երկնային վառեալ և է մինչև ցայսօր անշիջանելի և մնա մինչև ի Գալուստն Քրիստոսի ի Դատաստան, որ և բազմաց արժանաւորացն տեսեալք են և տեսանեն զհրաշքն զայն ի փառս Քրիստոսի»:
Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:
Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:
1902 թ.
