Նախօրինակը միջնադարյան ժողովրդական երգ է, որ հրատարակվել է մի շարք ժողովածուներում` Գամառ Քաթիպա «Ազգային երգարան» (Թիֆլիս, 1856), Մ. Միանսարյանց «Քնար հայկական», Կ. Կոստանյանց, «Նոր ժողովածու» (Բ պրակ, Թիֆլիս, 1892) և այլն:
Հավանորեն Թումանյանն օգտագործել է «Նոր ժողովածուի» տարբերակը: Սրա 32 տողից ընտրել է առաջին 15-ը, ժողովրդական երգի միջին հայերենը վերածել գրական լեզվի, փոխել մեկ տող և մի քանի բառ, դուրս թողել հաճախ կրկնվող «Հա՜յ» ձայնարկությունը, միջնադարյան երգերում «երիտասարդ» իմաստով օգտագործված «մանուկ» բառին տվել ժամանակակից իմաստը: Դրանով հիմնովին փոխվել է բանաստեղծության բնույթը:
Այս ժողովրդական երգը մշակել է նաև XVII դարի բանաստեղծ Երեմյա Չելեպի Քյոմուրճյանը:
Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,
Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է` խոսել էսպես.
– Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
– Ես էն սարեն կուգամ մըթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։
1911 թ.
