Ոտանավորը գրելու առիթը կաթողիկոսական ընտրությանը մասնակցելու համար Թիֆլիսի թեմի պատգամավորի ընտրությունն է` 1892 թ. մարտի 8-ին: Գ. Արծրունին իր կողմնակիցներով բոյկոտել է ժողովը և հեռացել: Նրա հեռանալուց հետո Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդ Մամբրե եպ. Սանասարյանը շարունակել է ժողովը: Պատգամավոր է ընտրվել «Արձագանքի» խմբագիր Աբգար Հովհաննիսյանը: Ոտանավորի մեջ ակնարկվում է այս դեպքը, որի մասին մարտի 24-ին Ան. Աբովյանին ուղղած նամակում բանաստեղծը գրում է. «Մի օր, մոտ օրերս, անդամ տեր Գևորգն ու տեր Աշոտը և կոնսիստորիայի ծառայողները շրջապատել էին ինձ և առավել ոգևորված, որովհետև Արծրունին յուր խմբով դուրս էր եկել, բողոքելով Մամբրեի բռնության դեմ, որի դեմ ես ոտով գլխով բողոք էի դարձել: - Այստեղ Աստծո մատն է խառը, շուտ-շուտ կրկնում էին տերտերները, իրականությունից խույս տալով. եթե Աստծո մատը խառն լիներ, դուք քահանաներ չէիք լինիլ, ասացի ես, այստեղ էլ չխոսեցին, այլ մի բան որոճալով լուռ ցրվեցին»:
Հետագայում Սինոդն ընտրությունը չեղյալ է հայտարարել և նոր ընտրություն նշանակել ապրիլի 22-ին: Այս անգամ պատգամավոր է ընտրվել Գ. Արծրունին:
Կեցցե՜ «Մշակ» և ժողովուրդ
Եվ այս օրը մեծախորհուրդ –
Մեր ազգային իրավունքի,
Համայնական ազատ կամքի։
Անդառնալի թող վերանան
Ամեն գործեր կամայական.
Ընտրությունը ապօրինի,
Կոպիտ չոբանն Աբարանի։
Կեցցե՜, կեցցե՜ մշտազվարթ
Նոր սերունդը երիտասարդ,
Յուր եռանդով ամենազոր,
Գաղափարով պարզ, լուսավոր։
Կորչի՛ Մամբրե, սև է Աբգար
Իրանց խմբով գիշերավար,
Եվ անսասան կեցցե՜ հավետ
Մեր ժողովուրդն Արծրունու հետ։
1892 թ. մարտի 14
