«Մեհրին» արևմտահայության կյանքի և ճակատագրի նկատմամբ Թումանյանի քաղաքացիական և ստեղծագործական ակտիվ հետաքրքրության բազմաթիվ արտահայտություններից մեկն է: Սկսվելով դեռ վաղ պատանեկան տարիներին գրած մի քանի բանաստեղծություններով` այդ հետաքրքրությունը հարատևում է մինչև Թումանյանի գրական-հասարակական գործունեության վերջը: 80-ական թթ. վերջին և 90-ական թթ.` Րաֆֆու և Պատկանյանի մարտական ոգով տոգորված երգերից հետո արևելահայ գրականության մեջ սկսվում է հայ ժողովրդի արևմտյան հատվածի կյանքի ու պայքարի հետ կապված թեմաների մշակման մի նոր փուլ: «Մեհրիից» մեկ տարի անց (1891) լույս տեսավ Վրթ. Փափազյանի «Պատկերներ թուրքահայոց կյանքից» շարքի առաջին հատորը: Արևմտահայության ազատագրության հարցերն զգալի տեղ էին գրավում Շիրվանզադեի «Զուր հույսեր» (1890), Պ. Պռոշյանի «Սկիզբն երկանց» (1892), Նար-Դոսի «Մեծ գործի սկզբում» և այլն: Թումանյանի «Մեհրին» այս շարքի աչքի ընկնող երկերից մեկն էր:
Պոեմի ստեղծագործական պատմությունից որոշ տվյալներ է հաղորդում Տիգրան Փիրումյանը, որը դրանք դեռ 1891 թ. գրի է առել բանաստեղծի խոսքերից: Ըստ այդ վկայության` պոեմի մի կտորը (IV գլխի` «Սիրելի Մեհրի, մնացիր բարով...» տողով սկսվող հատվածը) ինքն ստեղծել է երազում և գրի է առել պոեմից մեկ տարի առաջ, հետո «անգիտակցաբար ու տառ առ տառ վերարտադրել» «Մեհրիի» մեջ: «Այդ գաղտնիքը բացվել է մի երկու ամսից հետո»: Տ. Փիրումյանին բանաստեղծը հայտնել է նաև, որ պոեմը «լավ չէ վերջանում և մտքումը դրել է անպատճառ փոխել, բայց թե ինչ է ուզում տեղը դնել` բնավ չգիտե...» :
Սակայն Թումանյանը ոչ այդ տարիներին և ոչ էլ հետո չվերամշակեց իր այս պոեմի վերջը կամ որևէ այլ մաս: Բանաստեղծի հաջորդ ժողովածուների մեջ էլ «Մեհրին» տեղ չգտավ: Պատճառն այն էր, որ, իր քաղաքական հրատապությամբ հանդերձ, պոեմը հենվում էր գերազանցապես գրքային տպավորությունների վրա, իսկ գեղարվեստական մշակման սկզբունքների առումով այն տիպիկ ռոմանտիկական գործ էր, որ իր որակով շուտով չէր բավարարելու ռեալիզմի դիրքերում հաստատված բանաստեղծին: Կարևոր է նաև հետևյալ ստեղծագործական հանգամանքը: «Մեհրիի» հետ միաժամանակ` նույն 1890 թ. Թումանյանն սկսեց աշխատել նաև հայ ժողովրդի արևմտյան հատվածի տառապանքի և ընդվզման մասին պատմող մի ուրիշ պոեմի վրա, որն ստացավ «Հին կռիվը» խորագիրը: Ի տարբերություն «Մեհրիի», այս պոեմը հետագայում, մինչև կյանքի վերջն էլ մնաց Թումանյանի ստեղծագործական հետաքրքրության ոլորտում, մի քանի անգամ վերամշակվեց: Իր պատկերացումներն ու մտորումները արևմտահայության ճակատագրի վերաբերյալ նա արտահայտեց այդ ստեղծագործության միջոցով, և «Մեհրին» մի տեսակ «ավելորդ դարձավ»:
I
― Սիրելի Մեհրի, չէ՛, ամեն երկրում
Մարդիկ այսպիսի նեղություն չեն կրում.
Այս ի՞նչ երկիր է. տեր չըկա կարգին,
Ամեն ավազակ տեր է մեր գլխին…
Դողալով մնում է մարդ ամեն վայրկյան,
Թե ահա իսկույն, ուր որ են, կըգան,
Կնոջս տանից կառնեն-կըտանեն,
Որդիս կըխլեն կամ ինձ կըսպանեն…
Հալալ հաց չունենք թուրքիցն անկշտում,
Դառն աշխատում ենք ու դատարկ նստում.
Գետինը ձգած սերմը չենք վերցնում…
Այս ընչի՞ կյանք է, դե՛ քեզ եմ հարցնում։
― Ես գիտեմ, Մհե, ինձ ու՞ր ես ասում,
Այսպես է, հոգիս, դուն ի՞նչ ես ուզում…
1890 թ.
