Նա, ով երկար տարիներ բաժանորդ է եղել մեր թերթերին ու ընթերցող, լավ կլիներ մի նստեր ու հաշիվ տար ինքն իրեն, թե ի՞նչ է ստացել այդ թերթերից։
Էլ հեռու չգնանք, գոնե մեր կյանքից, իր շրջապատից ի՞նչ տեղեկություն ունի։
Տարիներով կարդացել է՝ ժողովուրդ, ժողովուրդ… Ո՞վ է այդ ժողովուրդը, ի՞նչ է ուզում, ինչո՞ւ են միշտ նրա անունը տալի. արդյոք հասկացե՞լ է այդ ընթերցողը:
Տարիներով գավառից, գյուղից թղթակցություններ է կարդացել. այս ինչ գյուղում սա նրան սպանեց, թունդ երաշտ է, այնպիսի խոշոր կարկուտ եկավ, որ ծերերը չեն հիշում, տերտերը տգետ է կամ քյոխվի ընտրություն կա… Տարիներից հետո արդյոք սրա ընթերցողը թեկուզ հեռավոր ծանոթություն ունի՞, թե ինչ բան է հայ գյուղը, ո՛վ է հայ գյուղացին և ո՛րն են նրա ցավերը։
Գուցե այդ թերթերը անկողմնապահ ու լուրջ զբաղվել են հայ դպրոցի խնդրով և բազմակողմանի քննության առարկա են դարձրել նրա ուսումնական ու տնտեսական կյանքը և իրենց ընթերցողների համար պարզել են այդ «լուսավորության տաճարը» ներսից և դրսից։ Երբե՛ք։ Աղմուկներ, աղմուկներ այսինչ հոգաբարձուի կամ այնինչ ուսուցչի չորս կողմը, մեծ մասամբ լիքը հետին մտքերով, կուսակցական կրքով ու անձնական վիրավորանքով։
Ընթերցել ամբողջությամբ →
