Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1902-1903 թթ.-ին: Այս բանաստեղծությունը մինչև հայերեն հրատարակությունը, լույս է տեսել ռուսերեն, «Современные армянские поэты» ժողովածուում, էջ 43-44, «Песня армян» վերնագրով, «С авторской рукописи» ծանոթագրությամբ: Թարգմանել է Լև Ումանեցը: Ըստ երևույթին, թարգմանչի ձեռքին եղել է մի նախնական տարբերակ, որը 1907 թ. տպագրության հանձնելիս Թումանյանը հիմնական վերամշակման է ենթարկել:
Մենք ուխտ ունենք` միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։
