«Մերժած օրենք» պոեմը երիտասարդ բանաստեղծի ստացած գրական և կենսական տպավորությունների յուրօրինակ խաչաձևման արդյունք էր: Այստեղ շատ որոշակի է դասական գրականության` Բայրոնի և մանավանդ Լերմոնտովի ռոմանտիկական պոեզիայի, անհատի ազատության, նրա իրավունքների հաստատման մոտիվների ազդեցությունը: Արդեն բանաստեղծի ժամանակակից քննադատությունը նկատեց Մ. Յու. Լերմոնտովի «Մծիրի» պոեմի գաղափարական պաթոսի, կենսական-հոգեբանական իրադրության և կերպավորման միջոցների ուղղակի արձագանքը «Մերժած օրենքի» մեջ: Լերմոնտովի և մասնավորապես «Մծիրիի» նկատմամբ պաշտամունքի հասնող սերը, որ սկսվել էր վաղ պատանեկան տարիներից, շուտով Թումանյանին մղեց թարգմանելու այդ պոեմը, որն առանձին գրքով լույս տեսավ 1896 թ.:
Սակայն «Մերժած օրենքը» ուներ նաև որոշակի կենսական ազդակներ. այն արձագանքում էր հայ երիտասարդության անելիքների վերաբերյալ դարավերջին ծագած վեճերին:
Թումանյանի «Մերժած օրենքը», սերտորեն կապված լինելով դասական գրական ավանդույթի հետ, իր հերթին սկիզբ դրեց մի թեմայի, որը որոշակի տեղ է գրավում XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ գրականության մեջ:
I
Բարձրադիր լանջում բարձր սարերի
Աղոթք է անում լուռ կանգնած մենակ
Հին հիշատակը հին-հին դարերի ―
Քրիստոնեից միանձանց մի վանք։
Նրա սըրածայր գմբեթը քարյա
Բարձրանում է վեր ― դեպի երկինքը,
Խաչակնքելով աշխարքի վերա
Օրհնում է մշակի արդար քրտինքը։
Այնտեղ խստակյաց միաբանություն
Ճգնում է միտքը աղոթքի տված,
Անհաղորդ երկրի վայելքին ունայն,
Մինչև որ յուր մոտ կըկանչե Աստված։
Չեն լսվում երբեք սուրբ հայրերի մոտ
Մարդոց խնջույքի ուրախ երգերը,
Եվ ոչ կանացի հայացքը խանդոտ
Հուզում է մեղքով խաղաղ սրտերը։
1890 թ.
