Շատ ժամանակ չի անցել՝ մենք մի շարք խոշոր եկեղեցականներ ունեինք, որոնց մեծ մասը ավելի շատ ազգային-ժողովրդական հերոսների հմայք ու հռչակ ունեին, քան սոսկ հոգևորականի։ Նրանց անունները գիտեր հայ ժողովուրդը աշխարհի մի ծայրից մինչև մյուսը, նրանց պատկերները ամենալավ զարդարանքն էին ամեն հայի տան, նրանցից ոմանց վրա երգեր էին հորինում ու երգում։ Այդպիսի մարդիկ էին Ներսես Վարժապետյան, Խրիմյան Հայրիկ, Մելքիսեդեկ Մուրադյան, Մատթեոս Իզմիրլյան։ Եվ նրանց կենդանության օրով, երբ կաթուղիկոսական ընտրության խոսք էր լինում՝ արդեն պատրաստ ընտրված կային կաթուղիկոսացուները, ընտրված ու սիրված ամբողջ ազգից։ Վեճը միայն նրա վրա կարող էր լինել, թե այդ ընտրյալներից ո՞րն է արժանագույնը։
Ճշմարիտ է, նրանք էլ են ունեցել իրենց հակառակ ձայները, բայց այդ հակառակ ձայները շատ չնչին ու տկար են եղել ժողովրդական այն համատարած կեցցեների մեջ, որ առաջնորդում էին նրանց դեպի հայոց հայրապետության գահը։
Պատգամավորները ասես թե մի տեսակ ձևականություն էին միայն, ժողովուրդը հրամայում էր ամեն կողմից և ընտրողներն էլ կատարում էին ժողովրդի կամքը։
Ընթերցել ամբողջությամբ →
