Էս մի քանի տողով ձեզ, մեր գավառներում լույս տեսնող թերթերին դիմելով, մեր լեզվի ու գրականության առողջ զարգացման համար, ձեր լուրջ ուշադրությունը հրավիրում եմ հետևյալ խորհուրդների վրա.
Առաջինը. դուք ապրելու եք ժողովրդի մեջ, ժողովրդի համար և խոսելու եք նրա հետ։ Ի՞նչ լեզվով եք խոսելու. շա՛տ կարևոր խնդիր է։ Դուք այժմ խոսում եք գրական կոչված լեզվով, էն լեզվով, որով խոսում են Թիֆլիսի ձեր մեծ քույրերը։ Բայց իմացած եղեք, որ էս լեզուն աղքատ, չոր ու ցամաք բառերի մի տերողորմիա է, անոճ ու անկենդան։ Մի՛ շփոթվեք սրա քաղքենի հավակնոտությունից ու գովասանքից և անտես մի՛ անեք կամ վերևից մի՛ նայեք էն գավառների կենդանի բարբառներին, որոնց մեջ դուրս եք եկել գործելու։ Էդ բարբառներից ամեն մինը ավելի շատ ուժ ու կենդանության ունի իր մեջ, քան մեր եղած գրական լեզուն։ Սա դեռ չի կազմակերպված և չի էլ կազմակերպվելու, մինչև որ մեր ժողովրդի լեզուն իր բոլոր դաշտերից, սարերից ու ձորերից կենդանի վտակներով կգա միանալու սրա մեջ և բոլոր բարբառները հանդես բերեն իրենց գանձերը։ Այժմ դուք փոխանակ էս բնական ու առողջ ճանապարհով գնալու, հակառակ կգնաք և փոխանակ ժողովրդի լավը մեզ տալու, մեր սխալներն ու դատարկ, ողորմելի ֆրազները կտարածեք նրա մեջ։ Ես չեմ ասում զուտ բարբառով գրեցեք ձեր հոդվածները, բայց մեծ իրավունք տվեք բարբառներին, նրանց բառերին, ոճերին ու ձևերին։ Իհարկե, շնորհքի բան է, թե ով ինչքան ու ինչպես կօգտվի էդ կենդանի աղբյուրներից, բայց ինչ էլ լինի ավելի լավ կլինի, քան եղածը։ Եվ էս է ուղիղ ճանապարհը ավելի լավն ունենալու։
Ընթերցել ամբողջությամբ →
