(էջ 415) ( ԵԼԺ 1, էջ 393)
Թումանյանը զավեշտական մանրամասներով ներկայացնում է իր այցելությունը Բորժոմի ապարանքը, որտեղ այդ օրերին եղել են թագավորական ընտանիքի անդամները, և բանաստեղծի բարեկամ բժիշկ Ա. Զարգարյանը (Ռուստեմ) ապրել և աշխատել է որպես բժիշկ:
Թագավորական ընտանիքի անդամները չեն նկատել Թումանյանի այցը: Հենց սա էլ հումորով ակնարկում է ոտանավոր-առակում:
* * *
Մընաս բարով, ուղտ բարեկամ,
Տըզզաց ճանճը, ամեն անգամ
Քո լավությունն ես կհիշեմ,
Շնորհակալ եմ, մընաս բարին։
– Ընչի՞ համար, խոժոռադեմ
Հարցմունք արավ էն վիթխարին։
– Ընչի համար – այ զարմանք բան,
Նրա համար, որ ինձ այսքան
Ցույց տըվիր դու պատիվ ու սեր,
Քո ականջում այսքան օրեր
Ապրել եմ ես ու տաք կացել...
Ասավ տըզզան մեր պանդուխտը։
– Ոչ գալըդ եմ ես իմացել,
Ոչ գընալըդ, ասավ ուղտը։
1902 թ. նոյեմբերի 5
