«Մշակի» №121-ում, դուք, հարգելի պարոն, խոսելով Հովնանյան դպրոցի դեպքի և ի միջի այլոց իմ բողոքի մասին, հարցնում եք, թե ապա ո՞րտեղ էր Հ․ Թումանյանը, երբ հին թայֆայական հոգաբարձությունն ունեցավ նույն վարմունքը։
Ես, պ. Մողնու ծխական, էն ժամանակ Թիֆլիսումն էի և ամենախիստ բողոքողներից մինն էի հին հոգաբարձության վարմունքի դեմ։ Բառացի էսպես, ինչպես որ ասում եմ։ Եվ այժմ էլ, ահա, նույն վրդովմունքով բողոքում եմ նոր հոգաբարձության դեմ։ Խորապես վշտանում եմ, որ հայ հոգաբարձությունը և հոգևոր իշխանությունը չեն կարողանում հասկանալ, թե ով է ուսուցիչ ասված մարդը և ինչպես պետք է նրան վերաբերվեն։ Եղածը անտանելի է, կոպիտ մարդու քմահաճույք է, անմարդավարի և նույնիսկ անքաղաքավարի։ Էդ վերաբերմունքը մեր ուսուցչի մեջ կսպանի և՛ ուսումնարանի սեր, և՛ եռանդ ու ոգևորություն, և՛ պատվի զգացմունք, հետզհետե ասպարեզից կքշի, կհալածի բոլոր լավ ուժերին, մեջտեղը կմնան աղա հոգաբարձուներն ու իրենց առջև տաղ ասող ապիկարները։
Դրա համար էլ, ասում եմ, բողոքել եմ և էն ժամանակ, բողոքում եմ և այժմ։
Ընթերցել ամբողջությամբ →
