Գրականության մեջ Բաշինջաղյանի այդ նկարը հայտնի է «Դեբեդի գետը գիշեր ժամանակ» անունով: Ստեղծվել է 1890-ին, նույն թվականին ցուցադրվել է Թիֆլիսի, ապա Մոսկվայի և Պետերբուրգի պատկերասրահներում:
Արտի՛ստ, քաջերի այս ձորն ահարկու
Յուր բնավայրից փոխադրել ես դու.
Մե՛ծ է արդարև, մեծ է քո հոգին,
Որ ընդգրկել է ժայռերն ահագին
Իրենց սեփական խոր մտածմունքով,
Փրփրուն գետը փայլուն ծփանքով,
Լուսին-աստղերով կամարը երկնի
Եվ համատարած խավարն ահռելի...
1890 թ.
