Անցյալ, իննսնական թվականներին հայոց գրական ասպարեզում հայտնվեցին տարբեր ուղղության ու տարբեր շնորհքի մի շարք բանաստեղծներ։ Մեծ հասարակությունը, որ առհասարակ ծանր է լսում և ուշ է գնահատում, մանավանդ գեղարվեստական գործերը, իհարկե, սրանց չնկատեց։
Այսպիսի դեպքերում գնահատողը լինում է գրականությունը սիրող ու հասկացող մի որոշ բազմություն, որը կազմում է և այս կամ այն երկրի գրական մթնոլորտը։ Դժբախտաբար, դա էլ գոյություն չուներ մեր աշխարհում։ Հրապարակը բռնած էր միայն մամուլը, և ահա այդ մամուլն էլ, այս ոգևորված ջահելների խումբը տեսավ թե չէ— ծիծաղը պրծավ։ Շատ քիչ մարդկանց բացառությամբ, հայոց կրիտիկոսներն ու հրապարակախոսները, ոչ մի գնահատելի բան չգտնելով այս նորեկների մեջ, գլխարկները դրին փայտերի ծայրին, այնպես դուրս եկան սրանց դեմ՝ առնելով ծաղրի ու ծանակի առարկա։ Եվ այդ ժամանակները մեր կողմերի հայկական շրջաններում, մանավանդ այսպես կոչված «ազատամիտ» բանակում, ավելի ծիծաղելի բան չկար, քան «բանաստեղծ» բառը։
Ընթերցել ամբողջությամբ →
