Նամակում` ոտանավորից առաջ, Թումանյանը գրել է. «Սքանչելի, սքանչելի օրեր են: Չգիտեմ Դուք երբևէ աշնանը եղե՞լ եք բնության մեջ անտառներում, սար ու ձորերում: Աբասթումանի հովիտը լիքն է արևի երգերով ու մի անուշ-թախծալի խաղաղությամբ: Ամբողջ օրը զբոսանքներ եմ կատարում, թաղվում եմ անտառների խորքում, բարձրանում եմ սարերի գլուխները, նստում եմ ժայռերի գագաթներին ու մտորում, ցնորում` չնայելով Ձեր խրատին: Հաճախ հենց այդ անտառներում, այդ ժայռերի վրա ոտանավորներ եմ գրում, մեծ մասամբ այսպիսի հիշատակարանի ոտանավորներ»:
* * *
Նըստած եմ տըխուր, մենակ մի ժայռի,
Կանչում եմ հուշերն անցած օրերի,
Փընտրում եմ նըրա պատկերը կարոտ
Իմ մըտքո՜ւմ... ինձ մո՜տ...
Եվ ահա զըվարթ ծիծաղը հընչում...
Ցոլում են աչքերն... ըզգեստը շըրշում...
Լըսվում են արագ քայլերը ծանոթ...
Իմ շո՜ւրջը... ինձ մո՜տ...
Բայց, ա՜խ, միմիայն չի գալիս կըրկին
Իմ էն լիասիրտ հըրճվանքը նախկին...
Ու նըստած եմ ես ժայռին նորից նոր
Տըխո՜ւր, գըլխակոր։
1902 թ. սեպտմբերի 22
