ԹԹԳԳ860/2-ում պահվում է բանաստեղծի դուստր Նվարդի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը, վերնագրված` «Իմ Արուսյակին», հետևյալ ծանոթագրությամբ. «Ու աղջիկներից ամեն մեկը մի աստղ ընտրեց կամ համաստեղություն. Նվարդն էլ ընտրեց Վեներան, Լուսաստղը, Արուսյակը»:
(Իմ Արուսյակին)
Լուսապըսակ
Իմ Արուսյակ,
Ի՜նչ գեղատես
Ու ի՜նչ զըվարթ
Վառվըռում ես
Իմ աստղազարդ,
Պայծառ ու պերճ
Գիշերվա մեջ...
Այո՛, թեև
Չեղավ արև
Էս պաղ կյանքում
Ու երկընքում,
Բայց բյուր արեգ
Ու բյուր ցերեկ
Միշտ արժեր
Էսքան շըքե՜ղ,
Հըրաշագե՜ղ,
Մի գիշեր...
1916 թ. հոկտեմբերի 27
