Առաջին անգամ տպագրվել է ռուսերեն Ս. Գորոդեցկու թարգմանությամբ` «Джейран» ժողովածուի մեջ:
Հայերեն առաջին անգամ տպագրվել է` Պր.,1929, №134, վրաց բանաստեղծ Ի. Գրիշաշվիլու հետևյալ ծանոթագրությամբ. «Հովհ. Թումանյանի «Նվեր Վրաստանի բանաստեղծներին» այս բանաստեղծությունը թարգմանվել է վրացերեն և տպվել ի շարս Թումանյանի ուրիշ գործերի («Անուշ», «Մի կաթիլ մեղրը», «Գիքոր» և այլն) 1924 թվին: Հայերեն դեռ լույս չի տեսել… Տեսնելով մեծ պոետի իդեաների կենսագործումը, անդրկովկասյան ժողովուրդների կուլտուրական կապի ստեղծումը, անհրաժեշտ եմ համարում տպագրության տալ այս բանաստեղծությունը»:
Չէ՛, չի լըռել մեծ Շոթայի
Երգի ձենը կաթոգին
Ու դարավոր ցավն ամեհի
Չի խորտակել էն հոգին։
Թընդում է դեռ նոր ձեռքերում
Էն քընարը գովանի,
Խընդում է դեռ նոր երգերում
Վըրաստանը գեղանի։
1919 թ. ապրիլի 16
