1890 թ. օգոստոսի 27-ին և սեպտեմբերի 28-ին բանաստեղծը ընկերոջը՝ Ան. Աբովյանին գրել է երկու նամակ, որտեղ ակնարկվում է այս բանաստեղծությունը: Առաջինում կարդում ենք. «Ստեփանի նամակի հետ մի ոտանավոր ուղարկեցի, կարծեմ թախծալի է, չէ՞...», երկրորդում` «Շատ ուրախացա քո նամակի վերջաբան ոտանավոր պատասխանովդ, վերջին երկու տունը հավանեցի, որոնք իբրև «հույս» պատասխանում են իմ «թախիծին»»:
Ան. Աբովյանի այդ ոտանավորը գրված է Թումանյանի բանաստեղծության անմիջական տպավորության տակ:
* * *
Ո՛հ, մեղմացնել չես կարող դուն
Սաստկությունը տանջանքիս,
Եվ հաշված են թույնով լեցուն
Սակավ ժամերը կյանքիս.
Բայց տեսնում ես, ես հանգիստ եմ,
Մի՛ լար և դուն, իմ անգին,–
Քո արտասուքն ես կարող չեմ
Փոխարինել այս կյանքին.
1890 թ. հուլիսի 5
