«Օջախը» եղել է Բաքվի հայ մտավորականներից կազմված մի խմբակ 1890-ական թվականներին: Թումանյանը մտերիմ է եղել «Օջախի» անդամների` Սեդրակ (Արսեն) Բալայանի, Մկրտիչ Բեգլարյանի, Սիմեոն Հովվյանի, Սահակ Մատինյանի, Արամ Նազարեթյանի և Միսակ Օհանյանի հետ, որոնք, բացի Օհանյանից և Բեգլարյանից, եղել են Բաքվի Մեսրոպյան և Հռիփսիմյան դպրոցների ուսուցիչներ: Բանաստեղծն «Օջախին» այցելել է երկու անգամ` 1895 թ. գարնանը և 1900թ. մայիսին: Այս ոտանավորը հորինված է երկրորդ այցելության ժամանակ:
Ինչպես վկայում է Ս. Հովվյանը, Թումանյանն ուրախ հումորով հորինված հանպատրաստից ոտանավորներ է նվիրել «Օջախին» և դրա անդամներին նաև առաջին այցի ժամանակ:
Քեֆ անենք, տղերք – այս պետք է մնա.
Ապրենք պարերով, խաղով ու թառով,
Կյանքներս թող միշտ այսպես անց կենա,
Թեկուզ և պակաս մի քանի տարով։
Գնանք մեր ջահել սըրտի ետևից,
Ուր կուզե տանի – մին է մեզ համար.
Նա էլ մեզ նըման հոգնել է ցավից,
Ուզում է հարբել մոլի, խելագար։
1900 թ. մայիս 30
