Նվիրված է օր. Երանյակ Վարդանյանցին (հետագայում` Գյուզալյան, Ներսիսյան դպրոցի ուսուցիչ, գյուղատնտես Տիգրան Գյուզալյանի կինը, 1879-1916):
Դուք ինձնից տարաք հիշատակարան,
Իսկ ես ձեզանից տարա հիշատակ –
Մեկը կորչելու, մաշվելու մի բան,
Մյուսը կըմնա երկար ժամանակ։
Դուք այս նյութական թուղթը գրելու,
Իսկ ես զգացմունք սըրտում կրելու.
Ես չեմ մոռանալ, երբ հողմեր ու ձյուն
Մարմնիս և ճամփույս շուրջն էին տիրում.
Ես ոգևորիչ այնքան ջերմություն
Գտա զգայուն, ազնիվ սրտերում։
Ասացեք` իրավ,
Մեզնից ո՞վ տարավ։
1895 նոյեմբերի 11
