Ոտանավորի ստեղծման շարժառիթի մասին Թումանյանը գրում է. «Ներկայացման համար – կարդալու ինձանից անտիպ ոտանավոր խնդրեցին, ես էլ այսօր մի ոտանավոր գրեցի (երգիծական) հատկապես շուլավերցիների այդ ներկայացման համար «Պաչոտնու տրտունջը» :
Ոտանավորը, սակայն, ներկայացման ժամանակ չի կարդացվել: Այդ մասին կա Թումանյանի հետևյալ վկայությունը. «Այնպիսի մի աղմուկ, խռովություն ընկավ, որ ներկայացման երեկոյան եթե նայեիր փողոցները, կկարծեիր, թե մի կարևոր բունթ կա գյուղում: Ծիծաղելին այն էր, որ ամբոխը, պաչոտնիների ոտնատակած ամբոխն ավելի խիստ էր հուզվել: Սպառնալիքն այնպես մեծ եղավ, որ երիտասարդները պատրաստած ոտանավորը հանեցին ցուցակից, վախենալով, որ ինձ հետ անախորժություն պատահի, ինչպես նամակներով ու պատգամավորների բերանով սպառնում էին»:
Առաջ մեր գյուղում պաչոտնի մարդը
Իսկի չէր քաշում գյուղական դարդը,
Ո՛չ խարջ էր տալիս, ո՛չ մասրափ գիտեր,
Խարջի ավելն էլ դեռ ինքը կուտեր։
Ա՜խ, ինչպես լավ էր,
Էն վախտ Շուլավեր։
Շրջվել է հիմի դարը հակառակ,
Պաչոտնի մարդն էլ ընկավ խարջի տակ,
Աստված վե՞ր կունի – պաչոտնի ու խա՞րջ,
Ո՞վ էր իմացել էս բանը առաջ –
Ա՜խ, առաջ լավ էր,
Ափսո՜ս Շուլավեր։
1898 թ. օգոստոս
