Հնդկաստանում ապրող պարիաների դասի միակ բանաստեղծն է Թերուվալլուվան, որի բանաստեղծության թարգմանությունը կատարված է 1910 թ.` ռուսերենից:
Առաջին անգամ տպագրվել է հետևյալ հեղինակի ծանոթությամբ. «Պարիաների դասը, քառասուն միլիոն մի բազմություն, ամեն ինչից ու իրավունքից զուրկ, հասարակությունից մերժված մի դաս է Հնդկաստանում: Բրամինների սահմանած օրենքով (Ավադանա սաստրա) նրանց արգելվում է մարդաբնակ շենքերը մտնել, աման գործածել, գնացական ջրից խմել, լվացումն կատարել, թաղում անել, աստծուն պաշ-տել, ընտանիք ունենալ և այլն: Անգլիական կառավարությունը չկարողա-ցավ միանգամից ջնջել հին օրենքն ու ադաթը և ազատել պարիաներին իրենց դաժան վիճակից: Պարիաները մի բանաստեղծ ունեն Թերուվալլու-վա անունով, որ միակ պարիա բանաստեղծն է ամբողջ Հնդկաստանում. թեև պարիան համարվում է ավելի գարշելի, քան ամենապիղծ կենդանին, այնուամենայնիվ, հենց իրենք բրամինները Թերուվալլուվային անվանում են աստվածային Պարիա: Թերուվալլուվայի էս ոտանավորը թարգմանված է ռուսերենից»:
Մեր ինչի՞ն է պետք, թե արևն անմահ
Անդըրաստեղյան լազուր աշխարհում
Առնում է շրջանն իր հավերժական,
Թե ցած է հոսում ճոխ ալիքներով
Իր ակնախըտիղ շողերն անարատ։
Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
Ի՜նչ ենք մենք…
Մեր ինչի՞ն է պետք ― կինը նորատի
Ըստանում է թանկ իրեն ամուսնուց
Քընքուշ գրավը տարփալի սիրո․
Սեր ու զավակներ ո՜վ է տվել մեզ…
Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
Ի՜նչ ենք մենք…
1910 թ.
