Ակունքը ժողովրդական է: Թումանյանն առաջին անգամ լսել է Ներսիսյան դպրոցի իր նախկին դասընկեր, հետագայում մանկավարժ և լեզվաբան Գր. Վանցյանից: «Գրիգորն է լսել Ախալքալաք,– գրում է բանաստեղծը ծոցատետրերից մեկում: – Փարվանա (կրակի թիթեռ): Թագավորը մի աղջիկ է ունենում, ասում է` ով որ կրակ բերի, նրան կտամ: Գալիս է կրակի շուրջը պտտվում, որ կրակ տանի և միշտ ընկնում է մեջն այրվում» :
Ընկերոջ պատմածը լսելուց հետո Թումանյանն այցելել է Փարվանա լիճ, նրա մոտակա գյուղերը և այստեղ, հավանորեն, նույն ավանդությունը լսել նաև ուրիշներից: Այս մասին հետաքրքիր տեղեկություն է հաղորդում Ավ. Իսահակյանը. «... 1901 թվի սեպտեմբերին Օհաննեսը Ալեքսանդրապոլ եկավ Աբասթումանից, ուր նա բժշկվում էր: Ճանապարհին կանգ էր առել Ախալքալաքում, այցելել էր Փարվանա լիճը, որի հայտնի լեգենդի մասին վաղուց ի վեր մտորում էր: Լսել էր Թմկաբերդի լեգենդը: Չէր կարողացել գնալ բերդը տեսնելու, սակայն Աբուլ լեռան լանջերից դիտակով նայել էր բերդին, որի բուրգերը հեռվից ազատ ուրվագծվում էին: Խանդավառ խոսում էր Փարվանայի ու Թմկաբերդի լեգենդների մասին. նրա երևակայության մեջ կամաց-կամաց կենսագործվում էին այդ չքնաղ պոեմները:
Հիշում եմ այսօրվա պես, որ նա «Թմկաբերդի» նախերգանքի առաջին փորձը արտասանեց, մեծ հիացմունք պատճառելով ինձ»:
1909 թ. հուլիսի 18-ին բանաստեղծի` Մ. Թումանյանին հղած նամակից. «Որքան հիշողություններ ու անմոռանալի վայրկյաններ են կապված Աբասթումանի այս կամ այն փոքրիկ, խաղաղ, չքնաղ անկյունում,– գրում է Թումանյանը,– այդտեղ ես շատ եմ երազել ու գրել եմ իմ մի քանի լավ բաները: Այդտեղ եմ մշակել «Անուշը», այդտեղ եմ գրել «Փարվանան» և այլ բաներ – հա՛, «Թմկաբերդի առումը»:
I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր`
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են` էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
1902 թ.
